Բուլղարահայ համայնքի միանգամից մի քանի կազմակերպություններ բողոքի ցույց են կազմակերպել Սոֆիայում՝ Հունգարիայի դեսպանատան առջեւ: Այս մասին տեղեկացնում է Բուլղարիայի FOCUS լրատվական գործակալությունը:

Հավաքվածները ակցիայի ավարտից հետո նամակ են հանձնել դեսպանատանը, որում մասնավորապես նշված է, որ Հունգարիայի կառավարության վարքը ամոթալի է, եւ որ նրանք Ադրբեջանի հետ գաղտնի 3 մլրդ եվրոյի պայմանավորվածություն են ձեռքբերել, ինչի շրջանակում էլ հանձնել են Սաֆարովին Բաքվին:

Ներկաները Ռամիլ Սաֆարովի եւ Գուրգեն Մարգարյանի նկարներով պաստառներ են պարզել: Պաստառներին նշված է եղել՝ «Ամոթ Հունգարիային», «Արդարություն», ինչպես նաեւ մանրադամներ են նետել Հունգարիայի դեսպանատան ուղղությամբ:

Բուլղարահայերը նոր ակցիա են նախատեսում, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերի 11-ին՝ Հայաստան-Բուլղարիա ֆուտբոլային հանդիպմանը: