Մալթայի հայ համայնքը հայտարարություն է տարածել Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներման կապակցությամբ: Հայտարարության մեջ ասվում է. «Մալթայի հայ համայնքը խորը վրդովմունքով եւ տարակուսանքով է ընդունել Հունգարիայի կառավարության որոշումը` հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված մարդասպանի` Ռամիլ Սաֆարովի արտահանձնման լուրը:

Մենք կարծում են, որ հունգարական կառավարությունը լիովին պատասխանատվություն է կրում 2004թ. տեղի ունեցած ողբերգության համար: Որպես ընդունող կողմ նա պարտավոր էր ապահովել հայ սպա Գուրգեն Մարգարյանի անվտանգությունը, իսկ չկարողանալով պարտավոր էր արդարացիորեն պատժել մարդասպանին:

Հունգարիայի եւ Ադրբեջանի հանցավոր գործարքի արդյունքում հանցագործը հայտնվեց ազատության մեջ, ավելին` ցիկ եւ ցուցադրական կերպով պարգեւատրվելով քնած մարդու հրեշավոր սպանության համար: Բուդապեշտում տեղի ունեցածը Հայաստանն ու ողջ քաղաքակիրթ աշխարհը ցնցած հրեշավոր հանցագործություններից է: Իսկ Հունգարիայի կառավարության անլուրջ պարզաբանումները որեւէ քննադատության չեն դիմանում»: