Հայաստանը դե-ֆակտո ճանաչում է ԼՂՀ անկախությունը, սակայն իրավական ճանաչման համար հարմար պահ է պետք` բանակցային գործընթացը չվնասելու համար:  Այս մասին NEWS.am-ին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով  «Ժառանգություն» խմբակցության կողմից «ԼՂՀ ճանաչման մասին» օրինագիծը շրջանառության մեջ դնելու փաստը:

Նրա խոսքով` ԲՀԿ խմբակցությունը դեռեւս այդ օրինագիծը չի քննարկել . «Չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի գեթ մի հայ, ով դեմ կլինի ԼՂՀ ճանաչմանը: Եվ եթե նախկին գումարման խորհրդարանը դա չի արել, ապա միայն բանակցային գործընթացին չվնասելու պատճառով»,-ասաց Զոհրաբյանը` նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս են հանդես եկել բանակցային գործընթացը չվնասելու կոչով:

Միաժամանակ Զոհրաբյանը չբացառեց, որ վերջին իրադարձությունների լույսի ներքո ԼՂՀ ճանաչման անհրաժեշտություն  առաջանա, սակայն այդ դեպքում ԲՀԿ-ն անձամբ հանդես կգա համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ: