Ախալքալաքի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի ծեծի հետ կապված միջադեպը ոչ այլ ինչ է, քան վրացական իշխանությունների սադրիչ գործողությունների արդյունք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանը, որը նշված տարածքից մեծամասնական ընտրակարգով թեկնածու է առաջադրվել ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայից:
««Վրացական երազանքի» Ախալքալաքի շտաբի փոխնախագահ Բեժան Գունավին հրավիրել են ընտրական հանձնաժողով, որտեղ հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մարանգոզյանը սկսել է գոռալ նրա վրա` թույլ տալով ոչ կոռեկտ արտահայտություններ: Այդ պահին հանձնաժողովի անդամներից մեկի հեռախոսը զանգահարել է, եւ նախագահը հարձակվել է նրա վրա: Քաշքշուք է սկսվել»,-պատմել է Կարապետյանը:
Կարապետյանը կարծիք է հայտնել, որ նման սադրիչ միջադեպերը իշխանություների կողմից տեղի են ունենում եւ դեռ կլինեն: Միաժամանակ նա մտահոգություն է հայտնել, որ նման միջադեպերն արդեն հասնում են ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջաններ:




























