Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու ազատումը հայկական կողմի համար չպետք է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից դուրս գալու պատճառ դառնա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Ըստ նրա` պետք չէ ենթարկվել սադրանքներին եւ զգացմունքային քայլերի դիմել, որոնք կարող են վնասել. ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն առանց այդ էլ կսառեցվի, իսկ թե երբ, ժամանակը ցույց կտա:
Բաբայանը նաեւ կարծում է, որ այս պահին Ադրբեջանի վարած ֆաշիստական, կացնային քաղաքականությունը լավ առիթ է միջազգային հանրությանը ցույց տալու, թե ով է Ադրբեջանը:
«Բոլորը պետք է հասկանան, որ հետդարձի ճանապարհ չկա, եւ Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմի: Ռամիլ Սաֆարովի հետ կապված դեպքը ցույց տվեց, որ շատ երկար տարիներ կպահանջվեն Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար», - ասել է Բաբայանը:
Նա զուգահեռ է անցկացրել Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանության հետ` հիշեցնելով, որ 1915թ.-ից մինչ օրս Հայաստանն ու Թուրքիան ոչ մի կերպ չեն կարողանում կարգավորել հարաբերությունները, քանի որ սպանդի հիշողություններն արմատացած են հայ ժողովրդի մեջ. «Շատ դժվար է ոչ միայն դիվանագիտական կամ տնտեսական տեսանկյունից, այլեւ` հոգեբանական: Նույնը նաեւ Ադրբեջանի պարագայում է, հատկապես Սաֆարովի դեպքոից հետո»:
Բաբայանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է արժանի պատասխան տա Ադրբեջանին` համաշխարհային առաջատար կառույցներում բացառելով նրա ներկայությունը:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, օգոստոսի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր հրամանագրով ներում էր շնորհել 2004թ. փետրվարին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում կացնահարած ադրբեջանցի հանցագործ Ռամիլ Սաֆարովին: Սաֆարովը Ադրբեջանին էր փոխանցվել Հունգարիայից, որտեղ դատապարտված էր ցմահ ազատազրկման:




























