Սպանության համար դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի վերադարձը հայրենիք կենտրոնական Եվրոպայի դիվանագիտական ամենամեծ հակամարտության սկիզբ եւ աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկում նոր դիմակայության պատճառ է դարձել, գրում է economist.com-ը:
Հայկական կողմը ծայրահեղ բացասաբար արձագանքեց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու Ադրբեջանում նրան ներում շնորհելու փաստին: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, Երեւանում բողոքի ակցիայի մասնակիցներն այրեցին Հունգարիայի դրոշն ու լոլիկներ նետեցին Հունգարիայի հյուպատոսության վրա:
Հունգարիայի եւ Ադրբեջանի նման գործողությունների հետ կապված մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ն ու Ռուսաստանը:
Պաշտոնական Բուդապեշտը ժխտում է իր մեղքը եւ հայտարարում, թե հունգարական կողմին մոլորության մեջ է գցել Ադրբեջանը` վստահեցնելով, որ Սաֆարովը կարող է ազատ արձակվել 25 տարի պատիժը կրելուց հետո:
Հունգարական լրատվամիջոցները փոխանցում են, որ Ադրբեջանը Հունգարայի վրա ճնշում է գործադրում Սաֆարովի դատապարտման պահից ի վեր: Շատ ԶԼՄ-ներ կարծում են, որ Սաֆարովի արտահանձնման դիմաց Ադրբեջանը խոստացել է գնել Հունգարիայի պետական պարտատոմսերը: Երկու կողմերն էլ ժխտում են նման հայտարարությունները:
Վարկածը բավականին ճշմարտանման է, քանի որ Հունգարիային փող է պետք: Հունգարական կառավարությունը բավականին երկար ժամանակ անարդյունք փորձում է վարկ ստանալ Եվրամիությունից ու ԱՄՀ-ից: Նշենք, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այս տարվա հունիսին Ադրբեջան էր այցելել:
Մարդասպանի արտահանձնումը սասանում է ԵՄ նկատմամբ վստահությունը, որը պարատվորվել է Ադրբեջանին 25 մլն դոլար վճարել արդարադատության եւ միգարցիայի ոլորոտում բարեփոխումենրի համար:
Սակայն ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթին Էշթոնը սոսկ մտահոգություն հայտնեց կատարվածի առնչությամբ, այն էլ` բավականին զուսպ ձեւով:




























