Իրանի նախագահ  Մամուդ Ահմադինեժադը խոստովանել է, որ  արեւմտյան մի շարք երկրների  կողմից կիրառած պատժամիջոցները ազդում են երկրի տնտեսության վրա,  սակայն կառավարությունը պատրաստ է հաղթահարել այդ դժվարությունները: Այդ մասին նա հայտարարել է  Իրանի պետական հեռուստատեսությամբ  հեռարձակված  հարցազրույցում:

Նա վստահություն է հայտնել, որ «նավթային հարցը» կլուծվի: 

«Մենք նավթ ունենք, եւ աշխարհը դրա կարիքն ունի», - նշել է Իրանի նախագահը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» վկայակոչելով AFP-ին:

Իր հերթին rbc-ն, վկայակոչելով AP-ին հայտնում է, որ Ահմադինեժադը Արեւմուտքին մեղադրել է Իրանի դեմ  գաղտնի պատերազմ ծավալելու մեջ` նկատի ունենալով երկրի տնտեսության  նավթային եւ ֆինանսական  հատվածների նկատմամբ պատժամիջոցները:

Նա նշել է, որ իր երկիրը ԱՄՆ-ի եւ այլ երկրների բարեկամն է, բացի Իսրայելից: Սակայն, ըստ նրա, ԱՄՆ-ում «իշխող շրջանակները» իսրայելական ազդեցության պատճառով չեն ցանկանում ամրապնդել իրանա-ամերիկյան կապերը: 

Ըստ Միջազգային էներգետիկական գործակալության` իրանական նավթային արտահանոմը 4 միլիոն բարելից կրճատվել է մինչեւ 2,9 միլիոն բարելի:

Հիշեցնենք, որ ԵՄ-ն արգելել  էր իրանական նավթի ներկրումը հուլիսի 1-ից, իսկ ԱՄՆ-ն սահմանափակումներ էր մտցրել իրանական բանկերի հետ գործարքների  հարցում, այդ թվում նաեւ Կենտրոնական բանկի հետ: