Աֆղանստանի արեւելքում սեպտեմբերի 5-ին խոշոր ահաբեկչություն է կատարվել. Մահապարտը Դուր Բաբայում իրեն պայթեցրել է սգո արարողության ընթացքում։ Նանգարհար նահանգի վարչակազմից հայտնել են, որ պայթյունի հետեւանքով 30 մարդ զոհվել, շուրջ 50-ը վիրավորվել են։

Հուղարկավորության արարողությանը մասնակցում էին ցեղի ավագներն ու տեղական իշխանության ներկայացուցիչներ, այդ թվում՝ վարչաշրջանի ղեկավար Հաջի Հաշիմա Գյուլը։ Ոստիկանությունում չեն բացառում, որ հենց նա էր հարձակման թիրախը։  Զոհվել է պաշտոնյայի որդին, նա եւ երկու թիկնապահները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Աֆղանական լրատվամիջոցները փոխանցում են, որ Գյուլի եղբայրը ամբոխում նկատել է մահապարտին եւ հասցրել է կրակել նրան։ Սակայն ահաբեկչին հաջողվել է գործի դնել  մարմնին ամրացված պայթուցիկը։ Բժիշկները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորներից շատերը հիվանդանոց են տեղափոխվել օրհասական վիճակում։

Վերջին շաբաթներին Աֆղանստանում հաճախացել են ահաբեկչությունները։ Սեպտեմբերի 1-ին Վարդակ նահանգում կրկնակի պայթյունի արդյունքում զոհվել են 12 աֆղանցիներ։ Օգոստոսի 14-ին Քունդուզում եւ Նիմրոզում ահաբեկչությունների շարքի զոհ էին դարձել 40 մարդ։