Ցյուրիխի ծայրամասում փոստի շենքից շտապ տարհանել են շուրջ 200 մարդու` սպիտակ փոշիով կասկածելի ծրարների պատճառով:
Փոստային բաժանմունքի աշխատակիցները ահազանգել են, երբ նրանցից շատերը սկսել են քորվել, գանգատվել մաշկի գրգռվածությունից: Խուճապն ավելացել է, երբ փոստի աշխատակիցները երկու ծրարներում սպիտակ անհայտ ծագման փոշի են հայտնաբերել: Դիմել են հատուկ ծառայություններին, բոլոր մարդկանց տարհանել են շենքից:
Վատ զգացողությունից շուրջ 20 մարդ էր գանգատվում, նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Միաժամանակ, փորձագետների նախնական գնահատականով, կասկածելի փոշին անվնաս է: Այժմ ոստիկանությունը ճշտում է, թե որտեղից էին ուղարկվել ծրարները, բժիշկներն էլ փորձում են պարզել փոստի աշխատակիցների ալերգիկ ռեակցիայի պատճառը:




























