Ամերիկայի Հայկական Համագումարը  իր հիացմունքն է հայտնում ԱՄՆ-ի Կոնգրեսի  գրասենյակի եւ անդամների պատասխանի համար, որը հնչել է այն ժամանակ, երբ հայտնի է դարձել  Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիեւի կողմից`  հայ սպային քնած ժամանակ գազանաբար կացնահարելու համար ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին: Այս մասին ասվում է ԱՀՀ-ի հայտարարության մեջ:

Համագումարը անհանգստացած է այն հաղորդագրությունից, ըստ որի  Ադրբեջանը կիրառել է իր ֆինանսական հնարավորությունները եւ թուրքական ազդեցությունը` Սաֆարովի արտահանձնման ապահովման համար, նաեւ վերջինիս զինվորական կոչման բարձրացման կապակցությամբ: Համագումարը, ինչպես նաեւ բարյացակամ բոլոր մարդիկ, ամեն ինչ կանեն, որպեսզի այս կեղտոտ պատմությունն ամբողջովին  բացահայտվի: Սաֆարովը փոքրոգի ահաբեկչական գործողություն է իրականացրել` սպանելով քնած անպաշտպան  մարդուն, իսկ  Ալիեւի արարքը  ավելի շատ է բացահայտում Ադրբեջանի իրական դեմքը` որպես տարածաշրջանի խաղաղությանը սպառնացող վտանգ: Համագումարը հստակորեն հաստատում է, որ ոչ մի դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի կարող վերադառնալ ադրբեջանական կառավարման որեւէ մի ձեւաչափի:

«Համագումարը ամենախիստ ձեւով քննադատում է Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովին ներման շնորհումը,-հայտնել է ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին,-մենք նաեւ բարձր ենք գնահատում Կոնգրեսի գրասենյակի,  Պետական վարչության սկզբնական հայտարարությունները: Նախագահ Իլհամ Ալիեւի արարքը համապատասխան է այն հռետորությանը, որով նա մշտապես ռազմական գործողություններով սպառնում է հայերին: Այս վերջին դեպքը միայն ընդգծում է Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում  հայ ժողովրդի անվտանգության ապահովման  անհրաժեշտությունը»,- ավելացրել է Արդունին: