Սեպտեմբերի 2-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 71-ամյա հովիվը հնարավոր է գերեւարված լինի ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Տավուշի թղթակիցը, արդեն 3 օր է, ինչ ոստիկանության Բերդի բաժնի, Տավուշի մարզային փրկարարական վարչության Բերդի փրկարար ջոկատի եւ Բերդ քաղաքի ազգաբնակչության կողմից իրականացվում են լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ, սակայն մինչ այս պահը 71-ամյա Ասքանազ Մելիքյանը չի գտնվել: Հիշեցնենք, որ Ասքանազ Մելիքյանը սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան նախիրը ուղեկցել է Բերդ քաղաքի մոտակայքում գտնվող «Դուռնալու» հանդամաս եւ չի վերադարձել: NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում Բերդի փրկարար ջոկատի հրամանատար Վիկտոր Թադեւոսյանն ասաց, որ երեկ եւ առաջին օրը որոնողական աշխատանքներին խանգարել է անբարենպաստ եղանակն ու մառախուղը. «Որոնողական աշխատանքների առաջին օրը մենք մարտական հաշվարկից հանեցինք 7 փրկարար, նույնքան քաղաքացի եւ ոստիկաններ, որոնք սկսեցին փնտրել, հաջորդ օրն արդեն 12 փրկարար ենք հանել աշխատանքների համար, եղանակը մառախլապատ էր, աշխատանքները դժվարանում էին, իսկ այսօր արդեն որոնողական աշխատանքներին են միացել 20 փրկարար եւ նույնքան բնակիչ, ոստիկաններ էլ կան, որոնողական աշխատանքների համար բերվել են նաեւ որսորդական շներ»,-ասաց նա, հավելելով, որ իրենք արդեն նայել են բոլոր այն տեղերը, որտեղ վերջին անգամ տեսել են հովվին: Այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ մառախուղի պատճառով 71 ամյա հովիվը անցած լինի հակառակորդի կողմ, (նման կերպ մոլորվեց նաեւ Թթուջուր գյուղի բնակիչ, 22 ամյա Մանվել Սարիբեկյանը), կամ վատագույն դեպքում գերեվարված լինի հակառակորդի դիվերսիոն խմբի կողմից, փրկարար ջոկատի հրամանատարը չհերքեց. «Քանի որ եղանակը մառախլապատ է եղել, դա եւս հնարավոր է, բայց դա ամենավերջին վարկածն է, քանի որ սահմանից մոտ 25-30 կմ է հեռու, սահմանը անցնելու համար պետք է գետ անցներ, տարածքը հեռու է, իսկ որ ռազվետկեն եկած տարած լինի….»:  Նշենք, որ «Դուռնալու» կոչվող հանդամասում կացարաններ կան, որտեղ գյուղացիները խոտ են հնձում, գիշերում, հիմա մեկ առ մեկ ստուգվում են բոլոր կացարանները:

Փրկարար ջոկատի հրամանատարը նշեց նաեւ, որ նույն տարածքում տարիներ առաջ երկու դեպք է գրանցվել, երբ բնակիչները գնացել են սունկ հավաքվելու եւ մոլորվել, դա տեղի էր ունեցել Բերդ-Ճամբարակ ճանապարհի 1-ին կմ-ում, երբ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը ընկերների հետ գնացել էր սունկ հավաքելու,մ ու անցել Ադրբեջանի տարածք:

Ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Տավուշի թղթակիցը,  սեպտեմբերի 3-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքի անտառում մարդ է կորել: Մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի բնակիչ՝ 71-ամյա Ասքանազ Մելիքյանը սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան նախիրը ուղեկցել է «Դուռնալու» կոչվող հանդամաս եւ չի վերադարձել:

Նշենք, որ Տավուշի մարզը սահմանակից է Վրաստանին` հյուսիսում, եւ արեւելքում՝ Ադրբեջանին, իսկ Բերդ քաղաքը սահմանակից է Ադրբեջանին:

Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի