Այն, որ եվրոպական երկրները համարժեք գնահատական չտվեցին Հունգարիայի Կառավարության` հայ սպային սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը Ադրբեջանին, դա Հայաստանը ներկայացնող դեսպանների վատ աշխատանքի արդյունքն է: Այս մասին այսօր` սեպտեմբերի 5-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստին` հայտարարությունների ժամանակ, ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` հունգարական իշխանությունները հոգնեցրել են եվրոպական համայնքին, մասնավորապես` վարչապետը հոգնեցրել է հարեւան երկրներին իր պահվածքով: Սակայն, Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ, Հունգարիայի վարչապետը իր կերպարով համահունչ է Ալիեւի կերպարին եւ ժողովրդի մոտ ընկալվում է որպես դիկտատոր: Նույնիսկ այն պարագայում, երբ հարեւան եվրոպական երկրները` Ռումինիան, Սլովակիան եւ Սերբիան հոգնած են Հունգարիայի Կառավարության ղեկավարից, այնուամենայնիվ, Ռամիլ Սաֆարովի հետ տեղի ունեցած միջադեպը պատկան մարմիններում նույնիսկ իրենք չօգտագործեցին վարչապետի դեմ: «Ինչո՞ւ, ո՞նց կարող է պատահել, որ այդ երկրները չօգտագործեին հարմար առիթը եւ հակահարված չտային Հունգարիայի վարչապետին: Որովհետեւ մենք` Հայաստանը, որպես սուբյեկտ հետաքրքիր չենք այդ երկրների համար»,- նշեց նա:
Շարունակելով իր խոսքով` Վահան Հովհաննիսյանը հիշեցրեց, որ լինելով մեր ռազմավարական դաշնակիցը` Ռուսաստանը հայտարարությունը չէր կարող բավարարել որեւէ մեկին, Ֆրանսիան անդրադարաձավ այդ ամենին պատգամավորների մակարդակով, իսկ ԱՄՆ նախագահը իր ելույթում ընդամենը իր տարակուսանքն էր հայտնում: Ինչ վերաբերում է Գերմանիային, որը թեեւ Մինսկի խմբի երկիր չէ, բայց գերմանական հոդվածներում տարածվում են մի շարք ապատեղեկատվություններ, մասնավորապես` նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը աղավաղվել է այն ատսիճանի, որ մեկնաբանություններ են հնչում, որ Հայաստանը պատերազմ է հայտարարում Ադրբեջանին: Եվրոպան հիմնականում այն գնահատական էր տալիս, որ «արդեն եղածը եղած է, պետք չէ սրել իրավիճակը Ղարաբաղի հակամարտության գործում»: Ըստ Վահան Հովհաննիսյանի` այս ամենի պատճառը դեսպանների վատ աշխատանքն է, «այն աստիճանի վատ, որ նույնիսկ եթե դեսպանները չեն կարողանում նախագահի, վարչապետի կամ արտգործնախարարի մակարդակով համագործակցություն իրականացնեն, նույնիսկ չեն կարողանում եվրոպական երկրների շարքային պատգամավորների հետ զրուցել, բացատրել իրավիճակը եւ ստանալ հայանպաստ որեւէ գնահատական»:
Վահան Հովհաննիսյանը առաջարկում է ԱԺ հայտարարությունն ուղղել ոչ միայն Ադրբեջանի դեմ, այլեւ անդրադառանալ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հայտարարություններին:
«Նույնիսկ այն պարագայում, որ Ադրբեջանը ներում է շնորհել մարդասպանին, այնուամենայնիվ, եվրոպական ատյանները մատ են թափ տալիս ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա, այդ մասին են վկայում Մարտին Շուլցի եւ Քեթրին Էշթոնի հայտարարությունները: Դեռ Գորբաչովի ժամանակներից է գալիս, երբ Ադրբեջանը ինչ պրովակացիաներ էր անում, սակայն հավասարապես մեղավոր էր դուրս գալիս Հայաստանը եւ մատ թափ տալու երեւույթը շարունակում են նաեւ եվրոպական երկրները»,- նշեց Վահան Հովհաննիսյանը` հավելելով, որ պետք է նաեւ հայտարարություն անել Մինսկի խմբի դեմ, որպեսզի նրանք իրավիճակն արդար գնահատական տան::
Ամփոփելով` Վահան Հովհաննիսյանը նշեց, որ Հունգարիան, տեսնելով թե ինչպես են Մինսկի խմբի երկրները վերաբերում Հայաստանին եւ Ադրբեջանին, կշեռքի նժարին դնելով երկուսին, ըստ այդմ վերաբերմունք է ցուցաբերում Ռամիլ Սաաֆարովի արտահանձնմանը: «Եթե մենք կուլ ենք տալիս եվրոպացիների հայտարարությունները, ապա նշանակում է, որ ԱԺ հայտարարոււթյուն գրելը ավելորդ է»,- ասաց նա:
Նշենք, որ Հայաստանի Ազգային Ժողովն այսօր` սեպտեմբերի 5-ին արտահերթ նստաշրջան է գումարել` քննարկելու ԱԺ հայտարարությունը 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























