ԱՄՆ-ում հայկական երիտասարդական մի շարք կազմակերպություններ, այդ թվում Հայկական երիտասարդական միությունը, «Միավորված երիտասարդ հայերը» եւ այլն, միավորել են իրենց ուժերը, որպեսզի իրենց բողոքը ներկայացնեն 8 տարի առաջ Հունգարիայում  ՆԱՏՕ-ի զինվորական դասընթացների ժամանակ հայ սպային սպանած ադրբեջանցի զինվորականի արտահանձնման եւ ներման որոշման հանդեպ:

Բողոքի ակցիան տեղի կունենա սեպտեմբերի 6-ին տեղական ժամանակով ժամը 15:00-ին` Լոս Անջելեսում Ադրբեջանի եւ Հունգարիայի հյուպատոսարանների առաջ: Այս մասին հայտնում է «Ասպարեզը»:

«Մենք դատապարտում ենք Հունգարիայի կառավարության արարքը, ինչպես նաեւ Բաքվի կոռումպացված ռեժիմը: Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում միանալ մեզ` պահանջելով Հունգարիայի կառավարության ներողությունը, ինչպես նաեւ չեղյալ հայտարարել արտահանձնման վերաբերյալ անբարոյական որոշումը: Ադրբեջանի կառավարությունից մենք պահանջում ենք չեղյալ հայտարարել ներման որոշումը եւ Ռամիլ Սաֆարովի անհապաղ ձերբակալությունը: Մենք Հարավային Կալիֆորնիայի հանրությանը` հատկապես հայերին եւ ամերիկացիներին  կոչ ենք անում մեր զայրույթի արտահայտման գործընթացում միանալ մեզ եւ արդարություն պահանջել` մասնակցելով Լոս Անջելեսում Ադրբեջանի եւ Հունգարիայի հյուպատոսությունների առջեւ»,- ասվում է երիտասարդական կազմակերպությունների հայտարարության մեջ: