Ռամիլ Սաֆարովի պարգեւատրումներից հետո շատ ադրբեջանցիների համար նրա քայլը կարող է վարակիչ դառնալ: Այս մասին այսօր սեպտեմբերի 5-ին հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Մեծ փող, Բաքվի կենտրոնում բնակարան ստանալը, ազգի հերոս լինելը գրավիչ է: Եվ այդ քայլից հետո Ադրբեջանում  ինչքան  աղքատներ կմտածեն մի հատ շշով տամ հային, հերոս կդառնամ ու բոլոր հարցերը կլուծվի»,- ահազանգեց Ստեփան Գրիգորյանը եւ խորհուրդ տվեց առաջիկա շաբաթներում միջազգային դաշտում ակտիվ աշխատող հայկական կազմակերպությունները շատ զգույշ լինեն:

Ինչ վերաբերում է Հայաստանի քայլերին, քաղաքագետը կարծում է, որ այն համարժեք էր: Նրա խոսքով, սովորաբար առաջին քայլը լինում է դեսպանին  որոշ ժամանակով հետ կանչելը, սակայն մենք ավելի կոշտ քայլ արեցինք եւ  միանգամից կասեցրեցինք հարաբերությունները Հունգարիայի հետ: 

Սակայն Ստեփան Գրիգորյանը դեմ է սպանության միջոցով վրեժխնդրությանը,  քանի որ մենք անկախ պետություն ենք եւ տեռորիստական երկիր չենք: «Ինքը մարդասպան է ի՞նչ է մենք դառնանք մարդասպան: Խնդիրը պետք է իրավական դաշտ տարվի»,- ավելացրեց Ստեփան Գրիգորյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի