Սեպտեմբրի 7-ին Կիպրոսում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Եվրամիության երկրների արտգործնախարարները հնարավոր է կքննարկեն հայ սպայի մարդասպանին Հունգարիայից  Ադրբեջան արտահանձնման եւ հետագայում հայրենիքում  ներման որոշումը: Այս մասին հայտնում է РСЕ/РС-ը` վկայակոչելով Բրյուսելում իր թղթակցին:

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։

Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը խզում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Երեւանում եւ աշխարհի մի շարք քաղաքներում  արդեն մի քանի օր է բողոքի ակցիաներ են ընթանում: