Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու ներում շնորհելը ոչ միայն գործարք էր, այլեւ ռազմական գործողություններ սկսելու պատրվակ: Այդ մասին ՀՀ ԱԺ սեպտեմբերի 5-ի արտահերթ նիստում հայտարարել է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը:

«Դա շատ նման էր Ֆրանց Ֆերդինանտի սպանությանը, ինչն առիթ հանդիսացավ Առաջին համաշխարհային պատերազմն սկսելուն: Իր քայլով Ադրբեջանը հստակ հասկացնում է, որ ղարաբաղյան հարցը կարելի է կարգավորել միայն ռազմական ճանապարհով», - ասել է Հարությունյանը` նշելով, որ ոչ մի այլ երկիր Ադրբեջանի նման չի համալրում իր զինանոցը:

Ըստ Հարությունյանի` ադրբեջանական կողմը փորձում է հայկականին ներքաշել ոչ թե ազգային-ազատագրական, այլ համայն հայության հայրենական պատերազմի մեջ. «Դրան դիմակայելու համար հարկավոր է ազգային եւ գաղափարական մեծ համախմբվածություն»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ տեղի ունեցածում մեծ է Հայաստանի ԱԳՆ-ի մեղքը, որը միջադեպը կանխելու անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել: «Հունգարիայի հայ համայնքը 15 օր առաջ Հայաստանի ԱԳՆ-ին հայտնել է Սաֆարովին արտահանձնելու որոշման մասին, սակայն ԱԳՆ-ում ոչ միայն հարկ եղած միջոցներ չեն ձեռնարկել, այլեւ չեն էլ տեղեկացրել երկրի խորհրդարանին, որպեսզի միջազգային կազմակերպություններում պատվիրակված  պատգամավորները փորձեին կանխել դա: Ես չեմ երաշխավորում, որ պատգամավորներին կհաջողվեր դա անել, բայց գոնե կանեինք ամեն հնարավորը»:

Զոհրաբյանը նաեւ նշել է, որ վերջին դեպքերի լույսի ներքո Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները ցույց տվեցին իրենց անաշխատունակությունը, քանի որ, շատ դեսպանների կարծիքով,  իրենց գործառույթը միայն այս կամ այն երկրում Հայոց ցեղասպանության կամ Հայաստանի անկախության օրը հայ համայնքի համար մի քանի միջոցառումներ կազմակերպելն է:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի