Եվրոպայի Հայկական ֆեդերացիան դատապարտում է հայ սպայի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին Ադրբեջանի նախագահի որոշումը:
«Asbarez» կայքում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Հունգարիայի կողմից Սաֆարովի արտահանձնումը պետք է հրապարակավ քննադատվի եւ դատապարտվի, նաեւ հարկավոր է Բաքվից բացատրություններ պահանջել նրան ազատելու վերաբերյալ: Սաֆարովն անմիջապես պետք է բանտ վերադառնա»:
Եվրոպայի Հայկական ֆեդերացիայի նախագահ Կասպար Կարապետյանն էլ նշել է. «Եվրախորհրդարանը բազմիցս դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումը: Ակնհայտ է, որ այդ երկրի կառավարությունը մտադիր չէ պահպանել միջազգային իրավունքի նորմերը: Մենք ԵՄ-ին կոչ ենք անում մարդու իրավունքները եւ օրենքները վեր դասել նավթագազային գործարքներից եւ դադարեցնել Ադրբեջանի ամեն մի սադրանքի արդյունքում երկու կողմերին էլ զսպվածության կոչեր անելը: Նրանք պետք է հստակ արտահայտվեն եւ Ադրբեջանին դատապարտեն կեղտոտ քաղաքականության համար»:




























