Հայաստանի եւ Հունգարիայի հարաբերությունների կարգավորման համար միջնորդության կարիք չկա: Այդ մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Հունգարիայի եւ Հայաստանի հարաբերությունները կարգավորելու Շվեյցարիայի հնարավոր միջնորդության մասին լուրը:
«Չեմ կարծում, թե այստեղ միջնորդության կարիք կա: Այստեղ անհրաժեշտ են հստակ քայլեր հունգարական իշխանությունների կողմից»,- նշեց Բալայանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնին նշել էր, թե Հունգարիան ընդունել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Շվեյցարիայի առաջարկը: Մարտոնին նշել էր, որ Հունգարիան դատապարտում է 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին նախագահ Ալիեւի կայացրած որոշումը:
«Ադրբեջանական կողմի գործողությունները անընդունելի են եւ պետք է դատապարտվեն: Ադրբեջանը խախտել է խոստումը եւ ներում շնորհել Սաֆարովին, չնայած ավելի վաղ ներկայացված երաշխիքների, որ նա Բաքվում կշարունակի կրել պատիժը», - հայտարարել է Մարտոնին:
Նա նաեւ հայտնել է, որ Շվեյցարիա կատարած իր այցի ընթացքում Շվեյցարիայի արտգործնախարարն առաջարկել է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները:




























