Հայաստանի ԱԳՆ-ի հասցեին ընդդիմության մեղադրանքներում, կապված Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը կանխելու քայլերի բացակայության հետ, ճշմարտության հատիկ կա, սակայն ընդդիմությունը պետք է հարց տա` իսկ ինչ է արել ինքը կանխելու համար: Այդ մասին ՀՀ ԱԺ սեպտեմբերի 5-ի արտահերթ նիստում հայտարարել է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը` պատասխանելով Հայաստանի ԱԳՆ-ի հասցեին ԲՀԿ-ի ներկայացուցիչների հնչեցրած մեղադրանքներին:

«Հայաստանը բոլորիս երկիրն է, եւ եթե ընդդիմությունը իշխանություններին անգործության մեղադրանք է ներկայացնում, ապա հարց եմ ուզում տալ.  իսկ ի՞նչ է արել ընդդիմությունը», - ասել է Եսայանը` նշելով, որ Սաֆարովի դեպքում խոսքը ոչ թե մեկ անձի կամ պետության, այլ լավ մտածված հակահայկական ծրագրի մասին էր, ինչին Հայաստանը հակադրում է այլ ծրագիր` Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացը:

Եսայանը նաեւ պատգամավորներին խորհուրդ է տվել մտածել` արդյոք պատրաստ են պատերազմի:

Իր հերթին «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ ինքն ընդդիմության միակ ներկայացուցիչն է արտահերթ նիստում:  Նա նշել է. «Այո, ԱԳՆ-ն վատ է աշխատել, սակայն մեր նիստի  նպատակը դա չէ: Եթե գնահատենք Հայաստանիի ԱԳՆ-ի աշխատանքը, պետք է հարցնենք` ինչու 2004-ից 2008թթ. Հունգարիայում դեսպանություն բացելու ոչ մի քայլ չարվեց: Հունգարիան բարեկամ երկիր է, որը ոչ բարեկամական քայլ կատարեց», - ասել է պատգամավորը:

Արզումանյանը նաեւ նշել է, որ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին ՀՀ նախագահի որոշումը նորմալ էր, սակայն ոչ նորմալ է այն, որ յուրաքանչյուր գերատեսչություն իր հերթին հայտարարում է հարաբերությունը համապատասխան գերատեսչության հետ խզելու մասին:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի