Այն ինչ տեղի է ունեցել ակնհայտ է, եւ իմաստ չեմ տեսնում մութ սենյակում սեւ կատու փնտրելու, հատկապես որ, այդ կատուն մեկ այլ պետության նախագահի ուսերին է նստած։ Այս մասին սեպտեմբերի 5-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ գործարք է կայացել, որի կողմերից մեկը ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ երկիր է։ Շարմազանովը նշեց, որ այս իմաստով կատարվածը՝ մեծ հարված էր համամարդկային արժեքներին, եւ այն կազմակերպությունների հեղինակությանը, որի անդամ է հանդիսանում Հունգարիան։ Համամարդկային արժեքներն ու մարդու իրավունքները չեն կարող հավասարապես զարգանալ ֆաշիզմի եւ ռասիզմի հետ։
ԱԺ փոխնախագահը նկատեց, որ 20-րդ դարի 30-ական թվականներին նույնպես երկրներ կային, որոնք Ադոլֆ Հիտլերի հետ գործարքի գնացին, հետեւանքում տեսանելի եղավ, թե ինչի հանգեցրին այդ գործարքները։ «Այսօր նացիոնալ-սոցիալիզմի հետեւորդները վերածնվել են հարեւան Ադրբեջանում, եւ, ցավոք սրտի, բարերարներ ունեն ԵՄ անդամ բոլոր երկրների ղեկավարների մոտ։ Այս իմաստով պետք է սուր եւ քննադատական հայտարարություններ հնչեն այն կազմակերպություններից, որոնց անդամն է Հունգարիան։ Կատարված հայտարարությունների մեջ, ցավոք սրտի, կային այնպիսիք, որոնք վերացական գնահատականներ էին պարունակում, եւ փորձ էր արվում հավասար գնահատական տալ»,- ասաց իշխող կուսակցության անդամ ԱԺ փոխխոսնակը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանակցային գործընթացում եւ Հայաստանը, եւ ԼՂՀ-ն ապացուցել են, որ խաղաղ ճանապարհով հարցի լուծման կողմնակից են։ Բայց մենք թույլ չենք տա հարեւան Ադրբեջանին պրովոկացիոն քայլեր իրականացնել»,- ընդգծեց Շարմազանովը։




























