Պաղեստինյան իշխանությունները համաձայնություն են տվել Յասիր Արաֆաթի մարմնի արտաշիրմմանը: Ինչպես սեպտեմբերի 5-ին հաղորդել է պաղեստինյան կողմի քննչական կոմիտեի ղեկավար Թաուֆիք Թիրաուին, իշխանությունները պատրաստ են ֆրանսիացի փորձագետներին թողնել Ռամալլահ` Հորդանան գետի արեւմտյան ափ` Յասիր Արաֆաթի մահվան պատճառները պարզելու:

Թիրաուին հաստատել է, որ պաղեստինյան ինքնավարությունն ավելի վաղ նմանատիպ հարցում ստացել էր Լոզանի (Շվեյցարիա) Ռադիոֆիզիկայի ինստիտուտից, որը եւս բավարարվել էր, գրում է «Գոլոս Ռոսիի»-ն:

Հենց շվեյցարացի մասնագետներն էին Արաֆաթի իրերում պոլոնիում հայտնաբերել, ինչը պաղեստինյան նախկին առաջնորդին թունավորելու վարկածն էր ծնել:

Ամռան սկզբին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը վավերագրական ֆիլմ էր ցուցադրել, որում փաստեր էին բեված թունավորման վարկածի օգտին: Արդյունքում Արաֆաթի  Ֆրանսիայում բնակվող  այրին հայց է ներկայացրել, որպեսզի ֆրանսիական իշխանությունները սեփական հետաքննություն անցկացնեն: