Վրաստանի շահերից է բխում, որպեսզի տարածաշրջանում տեղի չունենա ինչ-որ իրադարձություն, որը խանգարի Հարավային Կովկասի երկրների զարգացմանն ու համագործակցությանը։ Այս մասին սեպտեմբերի 5-ին Թբիլիսիում Լեհաստանի եւ Շվեդիայի արտգործնախարարների հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն՝ մեկնաբանելով հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի հետ կապված իրադարձությունները։
«Վրաստանը հետաքրքրված է, որպեսզի տարածաշրջանի բոլոր խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով, քանի որ ցանկացած լարվածություն պատերազմի է տանում, իսկ դա անընդունելի է մեր երկրի կառավարության եւ ժողովրդի համար»,- ընդգծել է Վաշաձեն։
Նա կողմերին կոչ է արել կողմերին, որպեսզի թույլ չտան, որ նրանց միջեւ լարվածությունը «անցնի թույլատրելի սահմանները»։ «Վրաստանի իշխանությունները անում են ամեն ինչ, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների սահմանագիծը խախտված չլինի»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այդ ջանքերի համար Թբիլիսին նաեւ «միջազգային աջակցություն է ստանում»։




























