Հոկտեմբերին տեղի է ունենալու միկրոէլեկտրոնիկայի միջազգային 7-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց «Սինոփսիս-Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նրա տեղեկացմամբ՝ եզրափակիչ փուլին կմասնակցեն 14 երկրների հաղթողները: Սակայն օլիմպիադայի հեղինակությունն այնքան է բարձրացել, որ եզրափակիչ փուլին մասնակցելու հայտ են ներկայացնում նաեւ իրենց երկրներում երկրորդ տեղեր զբաղեցրածները՝ իրենց վրա վերցնելով նաեւ մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը (օլիմպիադայի կազմկոմիտեն հովանավորում է միայն նախնական փուլերում առաջին տեղեր զբաղեցրածների մասնակցությունը):

Նշենք, որ միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան նախաձեռնվել է 2006 թվականին եւ անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն, գլխավոր հովանավորը՝ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը:

Օլիմպիադայի մասնակիցները կմրցեն հետեւյալ բնագավառներում. թվային ինտեգրալ սխեմաների նախագծում եւ թեստավորում, անալոգային եւ խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում եւ թեստավորում, կիսահաղորդչային սարքեր եւ տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական եւ ալգորիթմական ապահովում:

Օլիմպիադային կարող են մասնակցել մինչեւ 30 տարեկան ուսանողներ  եւ ճարտարագետներ Հայաստանից եւ այլ երկրներից: