Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարությունում Հայաստանի եւ Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ անցկացվեցին միջգերատեսչական խորհրդատվություններ` երկու երկրների ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ թուրքմենականը` Թուրքմենստանի ԱԳ նախարարի տեղակալ Վեպա Խաջիեւը:
Խորհրդատվությանը քննության առնվեցին հայ-թուրքմենական բարձր մակարդակի երկխոսության եւ երկկողմ միջպետական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` արծարծվեցին սեպտեմբերի 6-ին Երեւանում մեկնարկող Հայաստանի Հանրապետության եւ Թուրքմենստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստին, Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի շրջանակներում նախատեսվող ծրագրերի անցկացմանը, երկկողմ իրավապայմանագրային դաշտին վերաբերող հարցերը:
Խորհրդատվությանը երկուստեք շեշտվեց երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության, կառավարական, խորհրդարանական, գործարար եւ այլ շրջանակների համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը եւ հույս հայտնվեց, որ վերը նշված միջոցառումները կնպաստեն հայ-թուրքմենական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը:
Հատուկ ընդգծվեց միջազգային տարբեր կառույցներում Հայաստանին եւ Թուրքմենստանին առնչվող հարցերում արդյունավետ փոխգործակցության ծավալման կարեւորությունը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական փոխգործակցության խթանման, փոխադարձ ներդրումների խրախուսման, համատեղ տնտեսական ծրագրերի իրագործման, մշակութային եւ կրթական փոխանակումների ակտիվացման անհրաժեշտությունը:
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաեւ միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:




























