Սեպտեմբերի 5-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի` Հայաստանի առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի եւ Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Գիլերմո Տոլոսայի հետ:

ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հյուրերի խնդրանքով Նախագահ Տեր-Պետրոսյանը անդրադարձել է ԱԺ ընտրություններից հետո Հայաստանում ձեւավորված քաղաքական մթնոլորտին, ներկա քաղաքական վիճակին, տնտեսական եւ սոցիալական մարտահրավերներին` հատկապես ընգծելով Հայաստանում տիրող համակարգային կոռուպցիան, ահագնացող արտագաղթը, ինչպես նաեւ օրինականության եւ անկախ դատարանների բացակայությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը, տեղեկացնում են կոնգրեսի գրասենյակից: