ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համագումարի երկրորդ օրը ելույթ է ունեցել նախկին նախագահ Բիլ Քլինթոնը:
Բիլ Քլինթոնը մատնանշել է Բարաք Օբամայի աշխատակազմի տնտեսական հաջողություննները՝ ասելով, որ «Օբաման հիմք է դրել ավելի ժամանակակից, կայուն տնտեսության», եւ կոչ է արել քվեարկել հանուն Օբամայի:
Փորձագետները Քլինթոնի ելույթը համարում են որպես երկու նախագահների հարաբերությունների լավացման նշան, ինչպես նաեւ սպիտակ ամերիկացիների աչքին Օբամային բարձրացնելու փորձ:
Ըստ հասարակական կարծիքի հարցումների արդյունքների` սպիտակ աշխատավորների դասը, որն ավանդաբար քվեարկել է դեմոկրատների օգտին, բավականին զգուշավորությամբ է վերաբերվում Օբամային, սակայն Քլինթոնին միշտ հաջողվել է հասնել նրանց աջակցությանը:
Բիլ Քլինթոնը սուր քննադատության է ենթարկել հանրապետականներին եւ հայտարարել է, որ Օբաման մինչ այժմ ուղղում է հանրապետականների սխալները, հաղորդում է BBC-ն:
NBC News հեռուստաալիքի հետ հարցազրույցում Բիլ Քլինթոնն ասել է, որ այժմ ինքն ավելի ոգեւորված է Օբամայով, քան 4 տարի առաջ, «քանի որ ես տեսա, թե ինչպես է նա ստանձնում ամենադժվար հարցերը, ինչպես է փորձել փոխել իրադրությունը»:




























