Ֆրանսիայի Վերին Սավոյայի Անսի լճի մոտ սեպտեմբերի 5-ի երեկոյան հայտնաբերվել է 4 դիակ:
Բոլոր զոհվածները գնդակահարված են եղել: Փրկարարները հայտնաբերել են մեքենա, որտեղ երեք մարմիններ են եղել, ինչպես նաեւ հեծանվորդի դիակ, որը կողքին է եղել: Նրա մերձակայքում հայտնաբերվել է երիտասարդ աղջիկ լուրջ վնասվածքներով, հայտնում է «lenta.ru»-ն` վկայակոչելով Agence France-Presse-ին:
Աղջիկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ տեղական դատախազի հայտարարության` սպանության 4 զոհերից 3-ը Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկներ եւ մեկ ընտանիքի անդամներ են եղել:
Դատախազը նաեւ նշել է, որ մեքենայում հայտնաբերվել է ողջ մնացած 4-ամյա աղջնակ, որն այնտեղ անցկացրել է 8 ժամ: Նրա վիճակի մասին չի հաղորդվում:
Հեծանվորդի եւ մյուս զոհերի հնարավոր բարեկամական կապերի մասին դեռեւս հայտնի չէ:


























