Ստամբուլահայերի «Նոր Զարթոնք» շարժման կողմից սեպտեմբերի 5-ին երեկոյան Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կազմակերպվել է բողոքի ցույց` 2011-ի ապրիլի 24-ին զորամասում զինակցի կողմից սպանված Սեւակ Շահին Բալքըչըի սպանության կոծկման դեմ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Bianet կայքը, մոտ 500 հոգի հավաքվել են Ստամբուլի Թաքսիմ հրապարակում եւ «Միլիտարիզմը սպանում է» մեծ պաստառը բռնած երով շարժվել են դեպի Գալաթասայի հրապարակ:
Երթի մասնակիցները ճանապարհին վանկարկել են «Բոլորս Սեւակ ենք, բոլորս հայ ենք», «Մարդասպան պետությունը հաշիվ է տալու», «Սեւակին չենք մոռանալու» կարգախոսները:
«Նոր Զարթոնք»-ի անունից հայտարարությամբ է հանդես եկել Մուրադ Գյոզօղլուն` կոչ անելով հետեւողական լինել Սեւակի սպանության գործով սեպտեմբերի 7-ին Դիարբեքիրի զինվորական դատարանում տեղի ունենալիք հերթական դատական նիստին:
Գյոզօղլուն շեշտել է, թե ինչպես 1915-ին, այնպես էլ հիմա, հայ սպանելը օրինական է եւ մարդասպանները չեն պատժվում:
Նշենք, որ Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։ 2011-ի ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ սպանությունը տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։
Դատարանը հենց առաջին դատական նիստին ազատ է արձակել Քվանչ Աղաօղլուին` նշելով, թե նա փախչելու առիթ չունի: Դիարբեքիրի զինվորական դատարանում բարձրաստիճան մի զինվորական, ում անունը չի հայտնվում, հայտարարել է, թե Սեւակի սպանությունից հետո ականատես մի զինվոր մոտեցել է իրեն` ասելով, թե Քվանչ Աղաօղլուն Սեւակին ասել էր. «Թմբլիկ, քեզ սպանելու եմ»:
Ռազմական դատախազության կողմից պատրաստված մեղադրականում Քվանչ Աղաօղլուի համար պահանջվում է ընդամենը 9 տարվա ազատազրկում՝ «անփոթության հետեւանքով մարդ սպանելու համար»:




























