Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի աշխատակից, պրոֆեսոր Ռահման Բադալովը Kultura.az կայքում հրապարակված հոդվածում մեկնաբանել է Ռամիլ Սաֆարովի հետ կապված իրավիճակը:
Ըստ պրոֆեսորի` արտահանձնումը եւ ներում շնորհելը ընդունելի կլինեին, եթե չլինեին իշխանությունների դրանց հաջորդած գործողությունները. ըստ էության, ներումը վերածվեց արդարացման, ինչը խիստ անընդունելի է, քանի որ խոսքը հանցագործության մասին էր, որն ապացուցվել էր դատական քննությամբ:
Ավելին, գիտնականը կարծում է, որ Սաֆարովը ոչ միայն հանցանք է գործել, այլեւ ոտնատակ է տվել սպայական պատվն ու արժանապատվությունը: Բոլոր ժամանակներում, բոլոր բանակներում ռազմական էթիկայի այս կամ այն նորմեր են գործել, որոնք խախտելն ամոթալի է համարվում: Հարկավոր է իրերն իրենց անուններով կոչել` քնած մարդուն կացնահարելը ցանկացած մարդու, առավել եւս` սպայի համար ամոթալի արարք է եւ արժանի է դատապարտման:
«Կընդգծեմ, որ այդ սկզբունքների խախտումը պետք է ավելի խիստ դատապարտվի, քան Քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածինը, քանի որ միայն նման արարքների տաբուն է հասարակությանը փրկում վայրենանալուց եւ համընդհանուր չարացածությունից», -գրում է նա:
Բադալովը կարծում է, որ այն տեսակետը, թե այս պատմությունը կնպաստի հայրենասիրության վերելքին, որքան վիրավորական, նույնքան էլ սրբապղծական է: Արարքը դուրս է պատվի եւ արժանապատվության սահմաններից, ոչ մի կապ չունի շինծու հայրենասիրության հետ:
«Համոզված եմ, Ռամիլ Սաֆարովի հետ կապված պատմությունը, որը մեր իշխանությունների բնազդային, չմտածված գործողությունների արդյունք էր (սա ամենամեղմն է, ինչ կարելի է ասել այս առթիվ), հսկայական վնաս հասցրեց մեր երկրի իմիջին:
Նախ, մենք տեղաշարժեցինք Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, եւ հսկայական ջանքեր կպահանջվեն կողմերի ուժային անվերջանալի հռետորաբանությունը զսպելու համար: Ես խոսում եմ ոչ այնքան ռազմական գործողություններ սկսելու (նման բան չեմ կանխատեսում), որքան ահաբեկչական բնույթի քայլերի մասին:
Երկրորդ, կպահանջվեն մեր առողջ մարդկանց, առաջին հերթին` մտավորականության ահռելի ջանքերը, որպեսզի աշխարհի աչքին բարոյական տականքներ չերեւանք», - ամփոփում է ադրբեջանցի պրոֆեսորը:




























