ԱՄՆ Սենատի արտաքին գործերով հանձնաժողովի նախագահ Ջոն Քերրին Դատապարտել է Ադրբեջանի նախագահի կողմից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ազատություն շնորհելը, որը 2004թ. քնած վիճակում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:

«Ես ցնցված եւ ապշած եմ, որ Ադրբեջանը ոչ միայն ողջունեց Սաֆարովին, այլեւ ներում շնորհեց, կոչումը բարձրացրեց եւ հերոսացրեց: Սա եւս մեկ անգամ սպառնալիքի տակ է դնում երկու երկրների միջեւ առկա փխրուն խաղաղությունը եւ նվազեցնում վստահությունն Ադրբեջանի իշխանությունների հանդեպ»,- նշել է Քերրին:

Սաֆարովի ազատումը դատապարտել են նաեւ ամերիկացի քաղաքական այլ գործիչներ:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի  Էներգետիկայի եւ առեւտրի հանձնաժողովի ամենաավագ դեմոկրատ  Հենրի Վաքսմանն  այդ կապակցությամբ խոր անհանգստություն է հայտնել: Արտաքին գործերով հանձնաժողովի ամենաավագ դեմոկրատ Հովարդ Բերմանն էլ Սաֆարովին ազատելու քայլն անվանել է «քամահրանքի արժանի»:

Քալիֆորնիացի կոնգրեսական Ջիմ Կոստան էլ  հայտարարել է, որ միջազգային իրավունքի նման ոտնահարումը Ադրբեջանի կառավարության կողմից ոչ այլ ինչ է, եթե ոչ անարգանք: Նա նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է աջակցի  Հայաստանին եւ նրա ժողովրդին:

Ներկայացուցիչների պալատի  ադամ Աննա Էշուն էլ կոչ է արել Սաֆարովին կրկին տեղափոխել բանտ:

Ավելի վաղ կոնգրեսական Ադամ Շիֆը նշել էր, որ  «Հունգարիան, որտեղ Սաֆարովը պետք է կրեր ցմահ ազատազրկումը, եւ Ադրբեջանը միջազգային հանրությանը պետք է բացատրություններ տան արդարադատության այդ ահավոր ոտնահարման վերաբերյալ»: