Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա սեպտեմբերի 7-ին` Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության տան մեծ դահլիճում:

Ինչպես  NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունից, խորհրդարանի խոսնակի որոշմամբ սեպտեմբերի 7-ին կկայանա Ազգային ժողովի հատուկ նիստ, որը նվիրված կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելուն:

Խորհրդարանի հատուկ նիստից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ԼՂՀ Պաշտպանության բանակը ռազմական հանդիսավոր շքերթ կանցկացնի` նվիրված նախագահի երդմնակալությանը:

Հիշեցնենք, նախօրեին Բակո Սահակյանն այցելել էր ԿԸՀ, որտեղ նրան հանձնել էին ԼՂՀ նախագահի վկայականը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ-ում հուլիսի 19-ին տեղի էին ունեցել նախագահական ընտրություններ: 

Մեծ առավելությամբ հաղթել էր պետության գործող նախագահ Բակո Սահակյանը` հավաքելով ձայների  66,7%-ը (47095 ձայն): ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի  Բալասանյանը ստացել էր ձայների 32,5 տոկոսը կամ  22 հազար 966 ձայն: Հայաստանի պետական ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանն էլ ստացել էր ձայների 0,8 տոկոսը կամ 594 ձայն: Ընտրողների մասնակցությունը կազմել էր 73,43%: