Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի իշխանությունների որոշման կապակցությամբ սեպտեմբերի 5-ին տեղի են ունեցել բողոքի ցույցեր Հունաստանում եւ Կիպրոսում:
Հունաստանում բողոքի ակցիաները մեկնարկել են Սալոնիկում: Ցույցը կազմակերպված էր ՀՀԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի կողմից: Հավաքվելով Սալոնիկի Ս. Աստվածածին եկեղեցու առջեւ, ցուցարարները շարժվել են դեպի Հունգարիայի գլխավոր հյուպատոսություն՝ վանկարկելով կարգախոսներ: Հյուպատոսության ներկայացուցչին հանձնվել է բողոքի նամակ:
Աթենքում ցույցը կազմակերպվել էր համատեղ ՀՀԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի եւ ՌԱԿ Հունաստանի շրջանային վարչության կողմից: Տանելով պաստառներ ու վանկարկելով կարգախոսներ, ցուցարարները անցել են Աթենքի կենտրոնական Վասիլիսիս Սոֆիաս պողոտայով եւ կանգ առան Հունգարիայի դեսպանության առջեւ: Դեսպանության մուտքի մոտ ցուցարարների պատվիրակությանն ընդունել է դեսպանության խորհրդականը, որին հանձնվել է բողոքի նամակ: Պատվիրակությունը նաեւ բանավոր փոխանցել է դիվանագետին հայության ընդվզումն ու ցասումը կատարվածով: Վերջինս հավաստիացրել է, որ Աթենքում ու Սալոնիկում հնչած բողոքի ձայները կհասնեն Հունգարիայի իշխանություններին ու խոստացավ փոխանցել բողոքի նամակը Բուդապեշտ:
Նույն օրը բողոքի ցույց է եղել նաեւ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում՝ Հունգարիայի դեսպանության առջեւ: Ցուցարարները կրում էին «Hungary hungry for money», «Blood is on your hands» եւ այլ պաստառներ: Ցույցի ավարտին Հունգարիայի դեսպանության ներկայացուցչին հանձնվել է Կիպրոսի ՀՅԴ, ՌԱԿ եւ ՍԴՀԿ կառույցների համատեղ բողոքի նամակը:





























