Մի քանի րոպե առաջ ավարտվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենի հանդիպումը ԵՊՀ ուսանողների եւ դասախոսների հետ: Շենքից դուրս գալիս ուսանողները գլխավոր քարտուղարին ճանապարհել են սուլոցներով` վանկարկելով  «Ամոթ», «Պահանջում ենք արդարություն» եւ այլն: Բացի այդ, ուսանողները երգել են Հայաստանի հիմնն ու  ժողովրդա-հայրենասիրական երգեր:

Ինչպես փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը, ուսանողների դժգոհությանն ի պատասխան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը թափահարել է ձեռքը` որպես հրաժեշտի նշան: Ի պատասխան ուսանողները սուլել են եւ Անդրես Ֆոգ Ռասմուսենին տեղափոխող մեքենայի դիմաց այրել ու ոտնակոխ արել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի նկարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Երեւանի պետական համալսարանի Կենտրոնական մասնաշենքի մոտ այսօր` սեպտեմբերի 6-ին` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենի այցի կապակցությամբ հարյուրավոր ուսանողներ  բողոքի ակցիա են անցկացրել: Ակցիայի մասնակիցների ձեռքին տարբեր գրությամբ պաստառներ են եղել, օրինակ` «Օրենքը բոլորի համար է», «Հունգարիան արժե 2 միլիարդ, իսկ ՆԱՏՕ՞-ն», «Ամոթ», «Ադրբեջանը թքեց միջազգային հանրության վրա», «Մենք ակնկալում էենք ՆԱՏՕ-ի արժանի գնահատականը», «Արյուն=նավթ», «Այդ ամենը նավթային քաղաքականության արդյունք է»:, «ՆԱՏՕ-ի դասընթացները վտանգավոր են մեր կյանքի համար»:

Երիտասարդների դժգոհությունը պայմանավորված էր նրանով, որ ՆԱՏՕ-ն արժանի գնահատական չի տվել Ռամիլ Սաֆարովի  Հունգարիայից Ադրբեջան արտահանձնմանն ու դրան հաջորդած ներմանը: 2004 թ-ի փետրվարին Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին,  ինչի համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել: Երկու սպաները Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Համագործակցություն` հանուն խաղաղության» շրջանակներում անցկացվելիք անգլերեն լեզվի դասընթացներին: Այս տարվա օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին հայրենիք է վերադարձրել, որտեղ նա անհապաղ ազատ է արձակվել:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի