Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը եւ կոչումը բարձրացնելը շատ  լուրջ հարված էր  Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների հաստատմանը: Այդ մասին առցանց հարցազրույցում հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի  եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա ֆրեյզերը` պատասխանելով Turan գործակալության հարցին այն մասին, թե Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու ազատումը ինչպես կանդրադառնա Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի վրա:

«Պարոն Սաֆարովի գործը քննվել է դատարանում, որը համապատասխան վճիռ է կայացրել` նրան ցմահ ազատազրկման դատապարտելով: Եվ եթե Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելը կարելի է համարել հասկանալի, ապա նրան ներում շնորհելը եւ կոչումը բարձրացնելը չեն կարող ընդունելի լինել:  Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները արդեն ծայրաստիճան լարված են: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ ԵՄ-ի աջակցությամբ անցկացվող հիմնարար սկզբունքների  մասին փաստաթղթի շուրջ բանակցությունները բոլոր հարաբերություններում եւ ուղղություններում հասել են փակուղու:  Շփման գծում միջադեպերի թիվն ավելանում է: 2012 թ. հունիսին զոհերի ամենամեծ թիվն էր արձանագրվել` նվազագույնը 10 մարդ:

 2011թ. Ադրբեջանը կրկնապատկեց իր ռազմական բյուջեն եւ այս տարի շարունակում է ավելացնել: Միաժամանակ, Հայաստանը եւս փորձում է մեծացնել ռազմական հզորությունները:  Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակության մեջ զգացողություն է ձեւավորվում, որ թշնամու վերջնական հաղթանակի համար պետք է կրկին պատերազմ սկսել: Երկու կողմերի ղեկավարությունները սպառնում են վերսկսել ռազմական գործողությունները, եւ տպավորություն է ստեղծվում, որ երկու կողմերի հասարակությունները կողմ են այդ տարբերակին: Ինչ վերաբերում է Սաֆարովին ներում շնորհելուն, դա զգալի կուժեղացնի այդ տպավորությունը», - ասել է նա: