Ադրբեջանը ներում է շնորհել դաժան սպանություն իրագործած Ռամիլ Սաֆարովի, ինչը չպետք է փառաբանվի: Այս մասին այսօր` օգոստոսի 6-ին ԵՊՀ-ի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը` նշելով, որ խորապես անհանգստացած է դրանով (ֆոտոռեպորտաժ):
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, ներման շնորհումը չի օգնի երկու երկրների միջեւ հարաբերությունների խաղաղ կարգավորմանը.«Հակամարտությունը չպետք է վերսկսվի երկու երկրների միջեւ, լարվածությունը պետք է թուլանա, այլ ոչ սրացվի: Կովկասյան տարածաշրջանը օժտված է մեծ հնարավորությամբ, Հայաստանը տիրապետում է մեծ ռեսուրսների, ՆԱՏՕ-ն օգնում է Հայաստանին շրջանում խաղաղություն եւ կայունություն կառուցել, քանի որ Հայաստանը արժանի է դրան: Որոշ մարդիկ կարծում են, որ դա հնարավոր չէ, բայց մենք պետք է հասնենք դրան»:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Երեւանի պետական համալսարանի Կենտրոնական մասնաշենքի մոտ այսօր` սեպտեմբերի 6-ին` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենի այցի կապակցությամբ հարյուրավոր ուսանողներ բողոքի ակցիա են անցկացրել: Ակցիայի մասնակիցների ձեռքին տարբեր գրությամբ պաստառներ են եղել, օրինակ` «Օրենքը բոլորի համար է», «Հունգարիան արժե 2 միլիարդ, իսկ ՆԱՏՕ՞-ն», «Ամոթ», «Ադրբեջանը թքեց միջազգային հանրության վրա», «Մենք ակնկալում էենք ՆԱՏՕ-ի արժանի գնահատականը», «Արյուն=նավթ», «Այդ ամենը նավթային քաղաքականության արդյունք է»:, «ՆԱՏՕ-ի դասընթացները վտանգավոր են մեր կյանքի համար»:
Երիտասարդների դժգոհությունը պայմանավորված էր նրանով, որ ՆԱՏՕ-ն արժանի գնահատական չի տվել Ռամիլ Սաֆարովի Հունգարիայից Ադրբեջան արտահանձնմանն ու դրան հաջորդած ներմանը: 2004 թ-ի փետրվարին Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել: Երկու սպաները Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Համագործակցություն` հանուն խաղաղության» շրջանակներում անցկացվելիք անգլերեն լեզվի դասընթացներին: Այս տարվա օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին հայրենիք է վերադարձրել, որտեղ նա անհապաղ ազատ է արձակվել:




























