Երբ փաստը կայացել է, դժվար է ադեկվատ արձագանք ունենալ, բայց ես կուզենայի, որ մեր արձագանքները լեցուն լինեին քաղաքական պրոֆեսիոնալիզմով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Նրա խոսքով՝ դա ինչ-որ առումով նաեւ մեր ձախողումն է,պետական մասշտաբի բացթողում, եթե մենք տեղյակ լինեինք, նախապես աղմուկ կբարձրացնեինք եւ հնարավոր է Սաֆարովին չհանձնեին Ադրբեջանին: «Իրոք այստեղ գումարներ խաղացել են, իսկ մեր արձագանքները շատ հախուռն են, էմոցիոնալ, միանգամայն բնական, չի կարելի դա կանխել, բայց ինչ մենք անում ենք, նույնը տեսնում եմ սդրբեջանական մամուլում, օրինակ՝ հայերը այրեցին Հունգարիայի դրոշը, հունգարներն էլ այրել են հայերի դրոշը: Սա խաղաքարտ է, որ կարող է խաղալ եւ երկու նախագահներին կողմ, եւ երկու նախագահներին դեմ»,- նշեց Անուշ Սեդրակյանը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը նշեց, որ Հունգարիան նախապես հաշվարկել է հետագայում տեղի ունենալիք իրադարձությունները եւ շատ լավ գիտի, որ ինքը Հայաստանից որեւէ բիզնես կախում չունի: Նա ընդամենը մեկ կորուստ կարող է ունենալ՝ երկրի եւ իր իմիջի կորուստ, եւ մենք աշխատանք պետք է տանենք նրա հետ ոչ թե հարաբերությունների կասեցման ուղղությամբ, այլ աշխատել Հունգարիայի նվազող իմիջի վրա: «Ինձ թվում է Սաֆարովը կենդանի վիճակով ավելի լավ է աշխատում հայկական պրոպագանդայի վրա, քան մեռած վիճակում, նա քայլող ագիտացիոն քարտ է»,-ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց, որ այստեղ տեղի է ունեցել մի իրավիճակ, երբ իշխանությունները գնացել են որոշակի գործարքի.
«Սա մեզ համար լավագույն իրավիճակն է, որպեսզի հստակ ձեւավորվենք մեր քայլերը: Ինչի՞ց ենք զարմացել՝ Ադրբեջանից, որի գլխավոր հերոսը քնած ժամանակ մարդուն սպանողն է»,,- նշեց նա:
Պատգամավորի խոսքով՝ կա ՀՀ նախագահի հստակ վերաբերմունքը՝ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու հետ կապված, նույն կերպ էլ ԱԺ-ն է կասեցնում հարաբերությունները: «Ողջունելի կլինի եթե ԱԳՆ-ն ներկայացնի դիվանագիտական հարաբերության կասեցման շրջանակը»,- ասաց Վարդան Այվազյանը: Նրա կարծիքով՝ մենք թեեւ հաղթող, բայց պատերազմական վիճակից դուրս էլ չենք եկել, եւ տեղի ունեցածը մեզ համար լուրջ ահազանգ է:
Ասուլիսի բանախոսները համակարծիք էին մեկ հարցի շուրջ՝ բեկումնային պահ է եկել, եւ պետք է ստիպել միջազգային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի ստատուսի հարցը բարձրացնել, ինչը կարող է դառնալ բանակցային խնդիր: Վարդան Այվազյանը եւս շեշտեց, որ գործելու լավագույն ժամանակահատվածն է, երբ պետք է ի ցույց դնել աշխարհին, որ որեւէ մեկ տարբերակով ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմի մեջ:
Անդրադառնալով Հունգարիայի Կառավարության՝ հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ միջազգային արձագանքներին, Անուշ Սեդրակյանը դրանք գնահատեց «գրեթե ադեկվատ»՝ շեշտելով, որ, թե ԱՄՆ-ի, թե Ռուսաստանի կողմից եղան բավականին կոշտ դիրքորոշումներ: Կուսակցության փոխնախագահի կարծիքով՝ այս իրադրությունը բացահայտորեն ոչ ձեռնտու է Արեւմուտքին, քանի որ առկա է արժեքների կործանում եւ այդ արժեքների նկատմամբ հայության թերահավատություն: Վարդան Այվազյանն էլ նշեց, որ չկա որեւէ մեկը, որ գոհ լինի տեղի ունեցածից՝ հիշելով Թուրքիան, ով լռություն պահպանեց այս դեպքում: «Անգամ եթե Ալիեւի հայրը կենդանի լիներ, կասեր ՝այ տղա, խելքդ գլուխդ հավաքի, հո հիմար չե՞ս»,- նշեց նա:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























