Ադրբեջանի կողմից մարդասպան սպայի ներման վերաբերյալ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը վաղը կհնչեցվի Բաքվում: Այս մասին այսօր` օգոստոսի 6-ին ԵՊՀ ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա չի կարծում, որ Սաֆարովի ներման որոշումը նշանակում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով աջակցում եւ արդարացնում է ազգային հողի վրա կատարված սպանությունը:
«Վաղը ես մեկնում եմ Բաքու, որտեղ այս հարցի կապակցությամբ անպայման կհայտնեմ մեր դիրքորոշումը: Սպանությունը չպետք է փառաբանվի: Ես վստահ եմ, որ դա զայրույթ է առաջացրել Հայաստանում: Ես հասկանում եմ ձեզ: Դա տնտեսական եւ քաղաքական մեծ անհաջողություն կլինի այս տարածաշրջանի համար, ինչը Հայաստանի, Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի շահերից չի բխում եւ չպետք է խանգարի խաղաղ գործընթացին»,-հայտնել է Ռասմուսենը:
Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ վերաբերմունք ունի ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացի վերաբերյալ` Ռասմուսենը պատասխանել է, որ բլոկը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր նախաձեռնությունները:«ՆԱՏՕ-ն այս հարցի մեջ ներգրավված չէ: Մենք աջակցում ենք հարցի խաղաղ կարգավորմանը: Ես չեմ կարծում, որ այս հարցը կարելի է լուծել ռազմական ճանապարհով»:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Երեւանի պետական համալսարանի Կենտրոնական մասնաշենքի մոտ այսօր` սեպտեմբերի 6-ին` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենի այցի կապակցությամբ հարյուրավոր ուսանողներ բողոքի ակցիա են անցկացրել: Ակցիայի մասնակիցների ձեռքին տարբեր գրությամբ պաստառներ են եղել, օրինակ` «Օրենքը բոլորի համար է», «Հունգարիան արժե 2 միլիարդ, իսկ ՆԱՏՕ՞-ն», «Ամոթ», «Ադրբեջանը թքեց միջազգային հանրության վրա», «Մենք ակնկալում էենք ՆԱՏՕ-ի արժանի գնահատականը», «Արյուն=նավթ», «Այդ ամենը նավթային քաղաքականության արդյունք է»:, «ՆԱՏՕ-ի դասընթացները վտանգավոր են մեր կյանքի համար»:
Երիտասարդների դժգոհությունը պայմանավորված էր նրանով, որ ՆԱՏՕ-ն արժանի գնահատական չի տվել Ռամիլ Սաֆարովի Հունգարիայից Ադրբեջան արտահանձնմանն ու դրան հաջորդած ներմանը: 2004 թ-ի փետրվարին Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել: Երկու սպաները Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Համագործակցություն` հանուն խաղաղության» շրջանակներում անցկացվելիք անգլերեն լեզվի դասընթացներին: Այս տարվա օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին հայրենիք է վերադարձրել, որտեղ նա անհապաղ ազատ է արձակվել:




























