Օրերս հրապարակված Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանի վերաբերյալ առկա են անհասկանալի գնահատականներ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ընդհանուր առմամբ դրական գնահատեց զեկույցում Հայաստանի զգալի առաջընթացը:

Տ. Սարգսյանը «անհասկանալի» համարեց տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի հասանելիության վերաբերյալ զեկույցում տեղ գտած գնահատականները, որոնք հիմնվում են 2009 թ. տվյալների վրա: Սա այն պարագայում, երբ անցյալ տարի պատժի ենթարկվեցին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության այն պաշտոնատար անձինք, որոնք ուշացնում էին Հեռահաղորդակցության համաշխարհային միությանը համապատասխան ցուցանիշների ներկայացումը: Վարչապետը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին հանձնարարեց ծառայողական քննություն սկսել՝ պարզելու, թե այս անգամ ով է մեղավոր Հայաստանի վերաբերյալ հնացած տվյալներ օգտագործելու համար:

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասաց, որ հարցում են արել Հեռահաղորդակցության համաշխարհային միությանը, որտեղ հաստատել են, որ 2011 թ. տվյալները ստացվել են: Այստեղ զավեշտն այն է, որ նախորդ՝ 2011-12 թ.թ. Մրցունակության զեկույցում Հայաստանի վերաբերյալ տեղեկություններն ավելի բարենպաստ էին: Մասնավորապես՝   Հայաստանը 33-րդ տեղում էր 100 բնակչի հաշվով բջջային կապից օգտվողների քանակով (Վրաստանը 104-րդ, Ադրբեջանը՝ 75-րդ տեղում): Ինտերնետից օգտվողների սանդղակում Հայստանը 68-րդ տեղում էր, Ադրբեջանը 75-րդ, Վրաստանը՝ 85-րդ: Ըստ այդ նույն զեկույցի՝ վերջին 5 տարիներին բջջային կապի բաժանորդների թիվը եռապատկվել է՝ 2007 թ. 1,2 մլն-ից հասնելով 3,3 մլն-ի: Ինտերնետից օգտվողների թիվը վերջին 4 տարվա ընթացքում աճել է 4 անգամ: Ինտերնետի օգտագործման մակարդակով Հայաստանը տարածաշրջանային առաջատարն է՝ 37% մակարդակով (Ադրբեջանը՝ 36%, Վրաստանը՝ 27%, ԱՊՀ միջինը՝ 29%): 

Կտրուկ նվազել են նաեւ ինտերնետի մանրածախ գները, իսկ մեծածախ գները 1,2 մլն դրամից իջել են 50 հազ. դրամի, իսկ ներկայում կազմում են 15 հազ. դրամ:

Ըստ Ռ. Նազարյանի՝ եթե համաշխարհային տնտեսական ֆորումն օգտագործեր ավելի թարմ տվյալներ, ապա 2012-13 թ.թ. Մրցունակության զեկույցում Հայաստանն ավելի բարձր տեղ կգրավի:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի