Նախագահական ընտրություններից առաջ Ռամիլ Սաֆարովի թեման կլինի ամենաշահարկվող թեմաներից մեկը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Նրա խոսքով, դա Ադրբեջանի կողմից ներքին օգտագործման համար արված քայլ էր: Սակայն, ըստ նրա Ադրբեջանը այդ քայլով լրջագույն միջազգային հեղինակություն կորցրեց: «Մեր նախագահի ընդունած կեցվածքը առաջին հայացքից ընդունել եմ որպես արժանապատիվ քայլ: Նախագահը այդ իմաստով կորցնող չի, այլ հակառակը: Նրա խոսքի կտրուկությունը, պահանջատիրությունը, տոնայնությունը շատ բարձր էր: Եթե մենք կարողանանք մեր հետագա գործողություններում այդ տոնայնությանը համարժեք քայլեր ապահովենք, ես կարծում եմ, որ կատարվածը դրական դիվիդենտներ կբերի, թե նախագահին, թե Հայաստանին», ավելացրեց Լիլիթ Գալստյանը:
Ասուլիսի մյուս բանախոս, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը խնդրեց Ռամիլ Սաֆարով տականքի ազգանունը չնշել: Ինչպես նաեւ նա կատարվածը չի կապում առաջիկայում տեղի ունենալիք ընտրությունների հետ: «Չնայած, որ ասվում է, թե Ադրբեջանի նախագահը ամեն ինչ արել է իր ներքին սպառման համար: Եթե դա է իրենց ազգային հերոսը, այդ պետության ապագան խիստ վտանգված է եւ հենց ադրբեջանցիները պետք է հետեւություն անեն: Իսկ Հայաստանի մասով այս հարցով չէ, որ ՀՀ քաղաքացիները իրենց դիրքորոշումը հայտնեն առաջիկա նախագահական ընտրություններում»,- ավելացրեց Արտակ Դավթյանը:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի




























