Հունգարացի իշխանությունները չէին կարող չիմանալ, որ Ադրբեջանում կհերոսացնեն մարդասպանին, չէին կարող չկանխատեսել, որ նրան ազատություն կշնորհվի: Այս մասին այսօր` օգոստոսի 6-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ ասուլիսի ժամանակ հայտնել է Սերժ Սարգսյանը` մեկնաբանելով Ռամիլ Սաֆարովի Հունգարիայից Ադրբեջան արտահանձնման եւ ներման որոշումը:
Նախագահը հիշեցրել է, որ տարբեր առիթներով հայկական կողմը բազմիցս զգուշացրել է իր գործընկերներին, որ հանրային հայտարարություններում եւ պաշտոնական փաստաթղթերում միակողմանի եւ հակամարտության իրական իմաստը չարտահայտող ձեւակերպումները վտանգավոր են առաջին հերթին նրանով, որ ուժեղացնում են Ադրբեջանի ոչ կառուցողական դիրոքորոշումը: «Վստահ եմ, որ այսպես կոչված քաղաքական պարկեշտությունը հիմք է դարձել Ադրբեջանի համար նմանօրինակ արարքների եւ դիրոքորոշման համար»,- հայտնել է Ս. Սարգսյանը:
Հայկական պետության ղեկավարի խոսքով, 2004 թ-ին ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ժամանակ տեղի ունեցած սպանությունը չպետք է ստվեր գցի Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա: «2004 թ-ին խախտվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի կայնքի իրավունքը, եւ թվում էր` հանցագործը արժանի պատիժ է ստացել: Սակայն օրերս տեղի ունեցածը` մարտահրավեր է սթափ մտածողությամբ մարդկանց համար: Մենք ականատես են դարձել, թե ինչպես է Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան արտահանձնված հանցագործը անմիջապես ներման արժանցել այդ երկրի նախագահի կողմից:
Այստեղ ես «ներում» բառը կօգտագործեմ որոշ վերապահումով, քանի որ իրականում այդ որոշումը իր մեջ արդարացում է պարունակում: Այս որոշման իրական նպատակը հենց Սաֆարովին արդարացնելն էր, քանի որ աշխարհի ոչ մի երկրում ներմանը չի հաջորդում աջակցությունը, ներման ենթարկված մարդուն պարգեւներ չեն շնորհում: Աշխարհի ոչ մի երկրում կատարած հանցագործության դիմաց պատժամիջոցի կրումը աշխատանք կամ ծառայություն չի համարվում, սակայն նրան աշխատավարձ եւ կոչում են տվել: Սրանում է խնդիրը»,-հայտնել է Նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով, անհնար է չապշել այն հանգամանքից, թե միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքի ինչպիսի խախտմամաբ է Բաքուն հերոսացնում մարդասպանին: Ինչպես նշել է նախագահը, արդյունքում Ադրբեջանը ինքն իր ձեռքով իրեն հանցագործների հովանավոր է դարձրել: «Սա անընդունելի եւ քննադատության արժանի փաստ է, որը հարված է «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին եւ հարվածի տակ է դնում Հարավային Կովկասի անվտանգությունը: Նման իրավիճակներում ոչ մեկ լռելու բարոյական իրավունք չունի, եւ արժանի է համընդհանուր դատապարտման»,-ասել է նա:
Սաֆարովին արտահանձնելու Հունգարիայի որոշումը նախագահը անընդունելի է համարել.«Ընդ որում, այս մասին բազմիցս խոսվել է, եւ հունգարական իշխանությունները հաստատել են այս կասկածը: Այսօր ես երախտապարտություն եմ հայտնում բոլոր այն հունգարացիներին, ովքեր այս դժվարին օրերին բարձր բարոյականություն են ցուցաբերել եւ աջակցել են հայ ժողովրդին»,-հայտնել է պետության ղեկավարը:




























