Ֆրանսիայում Անսի լճի մոտ բրիտանացի զբոսաշրջիկների վրա կատարած հարձակումից 4 եւ 7 տարեկան երկու երեխաներ են փրկվել:
Փրկված 4-ամյա աղջնակին հայտնաբերել են հրաձգության ենթարկված BMW ավտոմեքենայում, նախքան ոստիկանների ժամանելը, նա 8 ժամ թաքնվել է զոհերի հետեւում:
7-ամյա աղջնակը, որի վիճակն օրհասական է, գտնվել է մեքենայի կողքին եւ տեղափոխվել Գրենոբլի հիվանդանոց: Վիրահատությունից հետո նրա վիճակը կայունացել է , կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է The Independent-ը:
Ճշտվել է աջակողմյան ղեկով BMW ավտոմեքենայի վարորդի ինքնությունը. նա ճանապարհորդող ընտանիքի հայրն էր: Նրա հետ մեքենայում գտնված երկու կանանց անձը չի հաստատվել: Աղջիկները, դատախազի խոսքով, ընտանիքի հետ ճամփորդում էին:
Բրիտանացի ընտանիքից բացի, Անսի լճի մոտ սեպտեմբերի 5-ին հեծանվորդ էր սպանվել: Նա զինված հարձակման ականատեսն էր դարձել: Հեծանվորդի ազգությունն ու ինքնությունը չի ճշտվել:
Հանցանքի վայրում ոստիկանությունը 15 գնդակ է հայտնաբերել, սակայն զենք չի գտնվել:
Հայտնի չէ` կրակողը մեկ մարդ է եղել, թե մի քանիսը: Նախնական տվյալներով, մի քանի մարդ տեսել են այն մեքենան, որով կրակողները փախել են դեպքի վայրից, գրում է lenta.ru-ն:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Ֆրանսիայի Վերի Սավոյա դեպարտամենտի Անսի լճի մոտակայքում սեպտեմբերի 5-ի երեկոյան չորս դիակ էր հայտնաբերվել: Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել էին ավտոմեքենա, որում երեք դիակներ կային, ինչպես նաեւ մեքենայի մոտ ընկած հեծանվորդի դիակը:




























