ՆԱՏՕ-ն ինչպես դաշինքի, այնպես էլ Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցության ոչ մի խոչընդոտ չի տեսնում: Այդ մասին սեպտեմբերի 6-ին ԵՊՀ-ի ուսանողների եւ դասախպոսների հետ հանդիպմանը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը:
«Մենք եւս համագործակցում ենք Ռուսաստանի հետ, ինչը թույլ է տալիս ավելի լավ ապահովել մայրցամաքի կայունությունը: Բոլոր երկրները կարող են մոռանալ անցյալը եւ միայն առաջ նայել», -վստահեցրել է Ռասմուսենը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով Հայաստանը եւ տարածաշրջանը պետք է վերջապես օգտագործեն իրենց ամբողջ մեծ ներուժը` բաց սահմանների ներուժը, ազատ ներդրումները եւ Հայաստանի տնտեսությունում արված ներդրումները, աշխատանքի լավագույն հնարավորությունները. «Գիտենք, թե ինչն է այդ ամենին խանգարում` փակ սահմանները, ականապատ դաշտերը, օդային փակ տարածքները եւ տարածաշրջանի անկայուն վիճակը»:
Ռասմուսենը նշել է, որ տարածաշրջանն աշխարհում մնացած բոլորից շատ արգելքներ ունի հարեւան երկրների հետ, ինչը խանգարում է պետությունների հետագա զարգացմանը. «Մենք պետք է նոր հարաբերություններ կառուցենք տարածաշրջանի պետությունների միջեւ: Ինչ վերաբեում է ԼՂ հիմնախնդրին, ապա ՆԱՏՕ-ն երկու կետ ունի: Առաջին. հակամարտությունը չպետք է լուծվի ռազմական ճանապարհով: Երկրորդ. հակամարտությունը պետք է լուծվի միայն երկխոսության միջոցով»:



























