Կրեմլը մտադիր չէ վերանայել Սիրիայի հարցում իր դիրքորոշումը: Մոսկվան կոչ է անում դադարեցնել բռնությունը, նաեւ` հակամարտության գոտի զենք մատակարարելը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անգլալեզու  «Russia Today»  պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ինչո՞ւ պետք է միայն Ռուսաստանը վերանայի, գուցե բանակցային գործընթացի մեր գործընկերնե՞րը պետք է վերանայեն իրենց դիրքորոշումը», - ասել է Պուտինը` պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը չի ցանկանում վերանայել Սիրիայի հարցում իր դիրքորոշումը:

Նրա խոսքով` ամենակարեւորը բռնության դադարեցումն է եւ բանակցություններ սկսելը: Միայն դրանից հետո կարելի է գործնական քայլեր ձեռնարկել: «Կարծում եմ, նախ պետք է դադարեցնել հակամարտության գոտի զենք մատակարարելը: Կրկնում եմ, կողմերից մեկին որեւէ բան հարկադրող որոշումներն անընդունելի են», - ընդգծել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը չի համաձայնել ՄԱԿ-ի քննադատությանը եւ կարծիքին, որ կազմակերպությունը չկարողացավ Սիրիայի հարցում հանդես գալ միասնական ճակատով. «Եթե ՄԱԿ-ը, ԱԽ-ն վերածվեին գրասենյակի, որտեղ շահագրգիռ կողմերից մեկի որոշումներն են դրոշմակնքվում, այդ դեպքում այն կդադարեր գոյություն ունենալուց, ինչպես Ազգերի լիգան: Իսկ ՄԱԿ-ի ԱԽ-ն եւ ՄԱԿ-ը փոխզիջումներ գտնելու կազմակերպություննր են: Սա բարդ գործընթաց է, բայց տքնաջան աշխատանքի արդյունքում կարող ենք հաջողության հասնել»: