Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը եւս մասնակից է դարձել քրդերի դեմ խտրական արշավին։ Հայտնի է դարձել, որ նա 15 օր առաջ Ղըրղըզստան կատարած այցից առաջ հրահանգել է թույլ չտալ օդանավ նստել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության Ադիլ Քուրթին, ում անունը նախապես կար պատվիրակության կազմում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը չի թույլատրել քուրդ պատգամավորին իր հետ նույն օդանավով մեկնել, քանի որ հասարակության մեջ բացասական արձագանք էր գտել այն դեպքը, երբ քուրդ պատագամավորները Հաքքարի նահանգում ողջագուրվել են PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալների հետ։
Քուրդ պատգամավոր Ադիլ Քուրթը նշել է, թե իրեն վերջին պահին զանգահարել եւ զգուշացրել են, որ ինքը չի կարող մեկնել։ «Մենք գիտենք, թե ինչի համար մեզ չեն վերցրել պատվիրակության մեջ, սակայն սպասում ենք նախագահականի բացատրությանը»,-ասել է քուրդ պատգամավորը։




























