Մարդասպանին հանձնող մադյարները հազիվ թե չգիտակցեին, որ վերջինս այնտեղ ազգային հերոսի փառքի է արժանանալու: Այդ մասին գրում է ուկրաինական «Ռեւիզոր» թերթը: Ինչպես նշում է Analitika.at.ua-ը, Ուկրաինայում շարունակվում են Սաֆարովի հրեշավոր հանցանքի մասին հրապարակումները:

«Հայաստանի եւ Ֆրանսիայի ԱԳՆ-ները զայրացած հայտարարություններ են տարածել Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ:

Ինչպես հայտնի է, 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանը մասնակցում էր ՆԱՏՕ-ի  «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի անգլալեզու եռամսյա դասընթացներին: Նույն այդ  «խաղաղ» դասընթացների մասնակից Ռամիլ Սաֆարովը քնած հայ սպային կացնի 16 հարված էր հասցրել: Հունգարական դատարանը հանցագործին ցմահ ազատազրկման էր դատապարտել` առանց 30 տարի ներման իրավունքի: Եվ հանկարծ  օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվել էր Ադրբեջան եւ...Ադրբեջանի նախագահի հրամանագրով ներման արժանացել:

Արտահանձնման հետ կապված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական կապերի կասեցման մասին:

Ի՞նչ կարող ենք ասել: Մարդասպանին հանձնող մադյարները հազիվ թե չգիտակցեին, որ վերջինս այնտեղ ազգային հերոսի փառքի է արժանանալու:  Տեղացի petrovchik կեղծանունով բլոգերը գրել էր.  «Սաֆարովի հայրենիք վերադառնալուց հետո նրա անձի հանդեպ պաշտամունքը կարող է համեմատվել միայն նախագահ Իլհամ Ալեւի պաշտամունքի հետ»:

Մի պահ մտածեք. Ամբողջ ազգը հերոսացնում է քնած հակառակորդին վախկոտի պես կացնահարած զինվորին…  Սպանված Մարգարյանն ադրբեջանական գյուղեր չէր վառել, ցեղասպանություն չէր գործել, Սաֆարովի հետ ոչ մի կապ չէր ունեցել:

Ադրբեջանցին գործել է ստոր սրիկայի պես`գիտակցելով, որ ունակ չէ բացեիբաց պայքարելու:

Նման «հերոսից» կարելի է միայն ամաչել, բայց Ադրբեջանը բոլոր ուժերը կենտրոնացրել էր նրան ազատելու համար, ի վերջո դա արեց` հունգարացիներին 3 մլրդ դոլար կաշառք վճարելով:

Ո՞ւր է գլորվում նման անձանց հերոսացնող ազգը: Ո՞ւր կհասցնի երկրին շարքային վախկոտ մարդասպաններին կաշառքով ազատող եւ փայփայող կառավարությունը:

Իսկ ամենաահավորն այն է, որ այդ միջավայրում, որտեղ ամենակեղտոտ ոճիրը հայրենասիրության դրսեւորում է դիտվում, երեխաներ են մեծանում», -ասվում է Revizor.ua-ում հրապարակված հոդվածում: