Եգիպտական ամենահայտնի փարավոններից մեկի` Թութանհամոնի վաղաժամ մահվան պատճառը շատ գիտնականներ են փորձել պարզել, տարբեր վարկածներ են առաջ քաշվել:
Լոնդոնի Կայսրական քոլեջի վիրաբույժ Հութան Աշրաֆյանը փարավոնի հանելուկային մահվան նոր հիպոթեզ է առաջ քաշել:
Դատելով մեր օրեր հասած պատկերներից` Սմենհկարան (խորհրդավոր փարավոնը, որը Թութանհամոնի քեռին կամ ավագ եղբայրն էր) եւ Էհնատոնը (Թութանհամոնի առավել հավանական հայրը), ինչպես նաեւ Ամենհոտեպ III-ն ու Թութմոս IV-ը կանացի կառուցվածք ունեին` արտասովոր մեծ կուրծք, լայն ազդրեր: Նրանք բոլորը համեմատաբար երիտասարդ տարիքում են վախճանվել` խորհրդավոր հանգամանքներում:
Աշրաֆյանը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ այս շղթայի փարավոններից յուրաքանչյուրն իր նախորդից երիտասարդ է մահացել, ինչի պատճառը կարող էր լինել ժառանգական հիվանդությունը: Այս փարավոններից երկուսը տեսիլքներ էին ունենում, ինչը քունքային բլթի էպիլեպսիայի արդյունք կարող էր լինել, որը ժառանգաբար փոխանցվել է փարավոններին: Սրանով էլ բացատրվում է կանացի հորմոնների գերակայությունը:
Միչիգանի համալսարանի պատմաբան Հովարդ Մաքելը հիպոթեզը ճշմարտանման է համարում, բայց դա կարող էր ապացուցվել միայն գենետիկական թեստերով:
Հետազոտության արդյունքները հրապարակել է Epilepsy & Behavior ամսագիրը:




























