ԱՄՆ-ում շեշտակիորեն ավելացել է Արեւմտյան Նեղոսի տենդի զոհերի թիվը: Ինչպես սեպտեմբերի 5-ին հաղորդել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխման ազգային կենտրոնից, այս հիվանդությունից ներկայումս մահացել է 87 մարդ:
Մասնագետների խոսքերով, տենդի ներկայիս բռնկումը դարձել է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենալուրջ դեպքը: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում գրանցվել է հիվանդության 1993 դեպք, որոնց մեծ մասը Տեխաս նահանգում: Միայն վերջին շաբաթվա ընթացքում վիրուսակիրների քանակը ավելացել է 25 տոկոսով:
Արեւմտյան Նեղոսի տենդը առաջին անգամ ի հայտ է եկել 1937 թ-ին Ուգանդայում, որի բուժման համար դեղ եւ պատվաստանյութ գոյություն չի ունեցել: Հիվանդության ախտանիշներից են տենդագին վիճակը, գլխացավը, հոգնածությունը, մարմնի ցավը, սրտխառնոցը, փսխումը, երբեմն մաշկի ցանը եւ լիմֆատիկ հանգույցների այտուցվածությունը:
ԱՄՆ-ի տարածքում Արեւմտյան Նեղոսի տենդը առաջին անգամ գրանցվել է 1999 թ-ին:




























