Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրի Տոյլիեւի գլխավորած պատվիրակությանը, որը Երեւանում մասնակցում է հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստին:
«Մենք կարեւոր նշանակություն ենք տալիս երկկողմ փոխհարաբերությունների զարգացմանը: Պետք է համատեղ ջանքեր գործադրենք, որպեսզի ամրապնդվեն հայ-թուրքմենական սոցիալ-տնտեսական, հումանիտար եւ մշակութային կապերը: Դրանք զարգացնելու չօգտագործված մեծ ներուժ է առկա, որը պետք է իրացնել ամբողջությամբ»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը նշել է, որ հայ-թուրքմենական տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը չի համապատասխանում երկկողմ քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին:
Այդ առումով, զրուցակիցները կարեւորել են հայ-թուրքմենական միջակառավարական հանձնաժողովի աշխատանքները: Բացի այդ, նախատեսվում է առաջիկայում Երեւանում կազմակերպել հայ եւ թուրքմեն գործարարների բիզնես ֆորում, որը կնպաստի երկկողմ նոր կապերի հաստատմանն ու փոխահամագործակցության զարգացմանը:
Սապարդուրի Տոյլիեւն իր հերթին վարչապետին է փոխանցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ջերմ ողջույնները եւ ընդգծել, որ իր երկիրը մեծապես կարեւորում է եղբայրական Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը:
Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջեւ ուղիղ ավիաչվերթերի կազմակերպմանը, գյուղատնտեսության, առողջապահության եւ զբոսաշրջության բնագավառներում հնարավոր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:




























