Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասը դիմել է Ֆինանսների նախարարությանը` խնդրելով կրճատել իր աշխատավարձը եւ թոշակը: Այս մասին հայտնել է Ֆինանսների նախարար Խրիստոս Ստայկուրասը:
Նա նաեւ նշել է, որ հունական առաջնորդը առաջրկել է նման կերպ վարվել նաեւ երկրի նախկին նախագահի դեպքում, ով իր հերթին, նախարարության գնահատականով, պետական բյուջեին թույլ կտա խնայել տարեկան մոտ 350 հազար եվրո: Պապուլյասը նաեւ կարծում է, որ պետք է կրճատել նաեւ նախարարների եւ պետական այլ ծառայողների աշխատավարձերը, գրում է Novostimira.com-ը:
Փետրվարին Պապուլյասն արդեն իսկ հրաժարվել է աշխատավարձից` հույս ունենալով նման կերպ աջակցել ճգնաժամի մեջ հայտնված պետությանը: Հաշվի առնելով բոլոր հարկերը` հույն նախագահի աշխատավարձը տարեկան կազմում է 192 հազար եվրո: Հաշվի առնելով ճգնաժամը` Հունաստանը սկսել է շեշտակիորեն կրճատել պետական ծախսերը` աշխատավարձերի եւ թոշակների հաշվին: Երկիրը դեռեւս բանակցություններ է վարում Եվրամիության հետ` ֆինանսական աջակցության շարունակման համար:




























