Հայ սպայի մարդասպանին ներում շնորհելով՝ Ադրբեջանը ինչ-որ չափով փորձում է դրդել Հայաստանին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որպեսզի օգտվի այս առիթից եւ վերսկսի ռազմական գործողությունները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը՝ նշելով, որ վաղ թե ուշ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂ անկախությունը։
Փորձագետի խոսքով՝ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ղարաբաղը պաշտպանված է սեփական զինված ուժերով, եւ Ադրբեջանի կողմից հարված լինելու դեպքում՝ կհաջորդի Ղարաբաղի ոչ պակաս ուժեղ հարվածը։ «Բայց ի վերջո Հայաստանը կներգրավվի ռազմական գործողություններում։ Սակայն այս դեպքում Հայաստանին չի օգնի ՀԱՊԿ անդամ պետություն լինելը, քանի որ հարձակումի Հայաստանի տարածքի վրա չի իրականացվի»,- ասաց Ցիգանոկը։
Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական 102-րդ ռազմական բազայի առկայությանը, ապա, փորձագետի խոսքով, նախորդ տարի ՌԴ նախագահը տարածաշրջանային այցը սկսեց Հայաստանից, եւ դրանով ամեն ինչ ասված է։
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական հզորություններին ու Բաքվի անընդհատ սպառազինության ավելացմանը՝ Ցիգանոկը նշեց, որ ռազմական գործողությունների ժամանակ կարեւոր է ոչ միայն սպառազինությունը, այլեւ բարոյական շարժառիթը։ «Հայերի շարժառիթն այս դեպքում այն է, որ նրանք պաշտպանում են սեփական հայրենիքը, իսկ Ադրբեջանը ներխուժում է ուրիշի երկիր։ Եվ ի վերջո, ինչ էլ որ ասի Ադրբեջանը, միեւնույն է Մինսկի խմբի համանախագահող պետությունները թույլ չեն տա, որ նա վերսկսի պատերազմական գործողությունները»,- ասաց ռուսաստանցի փորձագետը։




























